Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 11-ին ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնին:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են ԵՄ հիմնադիր անդամներից մեկի՝ Լյուքսեմբուրգի հետ Հայաստանի համագործակցության խորացմանն ու հայ-լյուքսեմբուրգյան հարաբերությունները ոչ միայն երկկողմ, այլև Եվրոպական կառույցների շրջանակում զարգացնելուն ուղղված հարցեր:

Սերժ Սարգսյանը և Լյուքսեմբուրգի փոխվարչապետ Ժան Ասելբորնը համակարծիք են եղել, որ երկու երկրները կարող են սերտ գործընկերային կապեր հաստատել նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունների շրջանակում:

Հայաստան-ԵՄ հաջողությամբ ընթացող բանակցությունների համատեքստում կարևորվել է Լյուքսեմբուրգի աջակցությունը Հայաստանի եվրաինտեգրման ջանքերին:

Զրուցակիցներն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին:

Ժան Ասելբորնը ՀՀ նախագահին ներկայացրել է Ադրբեջանի իշխանությունների կողմից ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման կապակցությամբ իր և իր երկրի իշխանությունների դիրքորոշումը՝ ընդգծելով, որ այն ներկայացրել է նաև հայ գործընկերոջ հետ այսօր ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: