Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում առկա ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լըֆորին: Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի համակարտությանը, Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին եւ տարածաշրջանային հարցերի:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը  շահագրգռված է ԼՂ խնդիրը խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու գործում: «ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները կարող են ապացուցել, որ Հայաստանը գործում է այդ ուղով, ինչը մենք չենք տեսնում Ադրբեջանի կողմից»,- ասել է կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով հարցին՝  ինչպես ԵՄ-ն կարող է օգնել հակամարտության լուծմանը՝  Տիգրան Սարգսյանը նշել. «Առաջին հերթին ԵՄ-ն կարող է  հատուկ փաստաթղթով  ընդգծել, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով եւ եթե կողմերից մեկը խախտի այդ սկզբունքը, վերջինիս նկատմամբ կկիրառվեն միջազգային հստակ պատժամիջոցներ»: 

Վարչապետի խոսքով, եթե հակամարտության կողմերից մեկը կարծում է, որ կարող է ԼՂ հարցը լուծել ռազմական ուժով, ապա նա մշտապես սպառազինվում է, խաթարում բանակցային գործընթացը եւ իր հասարակությանը պատրաստում պատերազմի: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր հասարակությանը պատրաստում է պատերազմի, վարում ֆաշիստական քաղաքականություն: Այն, որ նա ներում է շնորհել ոճրագործին, որը սպանել է մարդուն միայն հայ լինելու համար, դրա վառ ապացույցն է: Եվրոպական հանությունն իրավունք չունի լռել»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:  

Իր հերթին, Ֆիլիպ Լըֆորն ասել է, որ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում: Լըֆորը եւս մեկ անգամ իր մտահագությունն է հայտնել Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ եւ հիշեցրել, որ ԵՄ-ն դատապարտում է նման քայլը, ինչը վնաս է հասցնում նաեւ հակամարտության կողմերի միջեւ փոխվստահության ամրապնդմանը:

Խոսելով Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի մասին՝ վարչապետ Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է, որ այդ ուղղությամբ վերջին տարիներին ձեռնարկվել են համապարփակ քայլեր: Մասնավորապես, ներկայում հաջողությամբ են ընթանում ԵՄ-ի հետ Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունները: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ արդեն 2013 թվականի վերջին Հայաստանը պատրաստ կլինի ստորագրել Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը:

Ֆիլիպ Լըֆորն իր հերթին նշել է, որ ԵՄ-ն կարեւորում է Հայաստանի հետ համագործակցությունը եւ պատրաստ է հետագայում եւս քայլեր ձեռնարկել այն ընդլայնելու ու ամրապնդելու համար:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ մեր երկրում իրականացվող բարեփոխումներին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար: