Ադրբեջանի ղեկավարությունը հայտնվում է այնպիսի իրավիճակներում, որ կարելի է ենթադրություն անել Իլհամ Ալիեւի ապալեգիտիմացման փորձերի մասին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուսաստանցի հայտնի իրանագետ Կարինե Գեւորգյանը:
Նրա խոսքով` հենց նման իրավիճակում է հայտնվել Ալիեւը` Նախիջեւան տանող ճանապարհը փակելու մասին Իրանի սպառնալիքից հետո: «Նման հայտարարությունները պայմանավորված են Իրանի եւ Ադրբեջանի բարդ փոխհարաբերություններով»,-նշեց նա: Իրավիճակը կարող է խորացնել նաեւ ԱՄՆ կոնգրեսական Դանա Ռորաբահերի` պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ուղղված նամակը`Իրանից թուրքախոս նահանգների անջատմանն աջակցելու մասին:«Ալիեւը գտնվում է քաղաքական ցուգցվանգի իրավիճակում: Տպավորություն է, թե ինչ-որ մեկին ձեռնտու է որպես նախագահ նրա ապալեգիտիմացումը: Նա ինքը շահագրգռված չէ Իրանի հետ հարաբերությունների սրումով` իմանալով, թե դա ինչով կարող է սպառնալ»,-նշեց Գեւորգյանը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը նման ցուգցվանգի մաս է, Կ. Գեւորգյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ի տարբերություն քաղաքականի, խախտման իրավական ասպեկտը այնքան էլ միանշանակ չէ: «Ներման իրավունքը նախագահի անկապտելի իրավունքն է: Հարցն այն է, թե արդյոք արտահանձնման ժամանակ Ադրբեջանի եւ Հունգարիայի միջեւ որեւէ փաստաթուղթ է ստորագրվել, որով Ադրբեջանը պարտավորվել է նրան կալանքի տակ պահել: Եթե այո, ապա խոսքը իրավական խախտման մասին է, եթե ոչ` միայն քաղաքական միջադեպի»,- նշեց Կ. Գեւորգյանը:Ընդունելով ներման իրավունքը, հարկ է նաեւ նշել, որ այդ ընթացակարգը եւս պետք է որոշակի ժամանակ պահանջեր. սկզբում հենց Սաֆարովից պետք է նման խնդրանք լիներ: «Սակայն ամեն դեպքում, հենց ներման ակտը վկայում է այն մասին, որ Սաֆարովը հանցագործություն է կատարել: Եթե նա մեղավոր չէ, հասկանալի չէ, ինչու է նրան ներում շնորհվել», -ավելացրեց Կ. Գեւորգյանը:




























