Սեպտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵՄ  Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

ԱԳ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստան-ԵՄ համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր: Մասնավորապես զրուցակիցները անդրադարձան Արևելյան Գործընկերության շրջանակներում իրականացվող ծրագրերին: Ֆիլիպ Լեֆորը հայտնեց, որ ԵՄ շարունակելու է աջակցել Հայաստանին, նաև Արևելյան գործընկերության շրջանակներում իրագործվող ծրագրերի միջոցով:

Երկուստեք գոհունակություն հայտնվեց հարաբերությունների զարգացման դինամիկայի կապակցությամբ:

Զրուցակիցները անդրադարձան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման արդյունքում ստեղծված իրավիճակին, որը լուրջ վնաս է հասցրել բանակցային գործընթացին, տարածաշրջանային անվտանգության ու կայունությանը: