Մասիս քաղաքի 9 ընտրատեղամասերում առավոտվանից մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պահանջով իրականացվող վերահաշվարկը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Թիվ 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Մայիս Ղազարյանը:

Նա նշեց, որ վերահաշվարկը ընթանում է, առայժմ որեւէ բան չի կարող ասել վերջնական արդյունքների փոփոխման մասին: «Դեռ վերահաշվարկ ենք անում, ընդհանրական չենք ամփոփում, դեռ կեսն էլ չենք հաշվել»,- նշեց նա;

Վերահաշվարկը հնարավոր է ավարտեն ոչ թե  այսօր, այլ վաղը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով Արարատի մարզի Մասիս քաղաքում հաղթել է նախկին քաղաքապետ ՀՀԿ-ական Սաշա Հակոբյանը ստանալով 5 հազար 248 ձայն: Իսկ Սաշա Հակոբյանի ԲՀԿ-ական մրցակիցը`Կարապետ Օհանյանը ստացել է 4 հազար 698 ձայն: Մասիսում ընտրողների ընդհանուր թիվը 15 հազար 646 է, սակայն գրանցված եւ քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների թվի  կազմել է 10 հազար 407: ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի թեկնածուների տարբերությունը մոտ 550 է եւ մոտ 500 էլ անվավեր քվեաթերթիկներ կան: «Մեր թեկնածուն վստահություն ունի, որ վերահաշվարկի անհրաժեշտություն կա եւ իր բողոքում, կարծում  եմ, հստակ հիմնավորումները կլինեն»,- ասել էր Նաիրա Զոհրաբյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ մինչեւ սեպտեմբերի 10-ի աշխատանքային օրվա ավարտը  Արարատի մարզի Մասիս քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Կարապետ Օհանյանը դիմում կներկայացնի ԿԸՀ-ի հանձնաժողով պահանջելով Մասիս քաղաքի բոլոր տեղամասերում վերահաշվարկ կատարել: