Հունգարիան գիտեր, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանող Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջան կհանգեցնի Հայաստանի դիվանագիտական հակազդեցությանը: Այդ մասին սեպտեմբերի 11-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, հաղորդում է Reuters գործակալությունը:
Օրբանը նաեւ մեկնաբանել է հունգարական origo.hu կայքում հրապարակված հոդվածը, որում նշվում էր, թե Հունգարիայի վարչապետն անձամբ է հրահանգել արտահանձնել ադրբեջանցի մարդասպանին, թեեւ գիտեր, որ հայրենիքում նրան ազատ են արձակելու:
«Տվյալ հարցը համաձայենցվել է կառավարության անդամների հետ: Յուրաքանչյուր նախարարություն ներկաայցրել է իր կարծիքը, արդարադատության նախարարությունն` իրավական գործոնի մասին, ԱԳՆ-ն` դիվանագիտական հետեւանքների»,- ասել է նա:
Նա նաեւ նկատել է, թե Հունգարիայի ԱԳՆ-ն հստակ կանխատեսել է բոլոր հետեւանքները, որ կարող են հետեւել այս կամ այն որոշմանը: «Որոշումը որեւէ իրադարձության չի հանգեցրել, որ նախապես կանխատեսված չէր»,- ընդգծել է Օրբանը:





























