Թուրքիայի Ըսփարթա նահանգի Յալվաչի շրջանում իրեն բռնաբարած տղամարդուն սպանած եւ այնուհետ գլուխը կացնով կտրած 26-ամյա կնոջ համար հայտարարությամբ է հանդես եկել Յալվաչի քաղաքապետ Թեքին Բայրամը։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ թուրք քաղաքապետը հայտնել է, թե այդ դեպքը տխրեցնող է։ «Նա սրանով դաս տվեց հասարակությանը։ Ես սրտանց պաշտպանում եմ Ն.Յ.-ին։ Նա իր ձեռքով պատժեց իրեն բռնաբարողին։ Թող սա դաս լինի անբարոյականներին»,-ասել է քաղաքապետը։
Նշենք, որ Ն.Յ.-ն օրեր առաջ մոտեցել էր գյուղում հավաքված տղամարդկանց եւ պարկից հանելով նետել էր տղամարդու գլուխ՝ բղավելով. «Իմ պատիվն ու նամուսը փրկեցի, սրանից հետո հետեւիցս չխոսեք»։
Ձերբակալված Ն. Յ.-ն ոստիկանությունում պատմել էր, որ Նուրեթին Գ.-ն սիրահետել է իրեն եւ երբ ամուսինը մեկնել է արտագնա աշխատանքի, նա ներխուժել է իր բնակարան եւ զենքի սպառնալիքով բռնաբարել, որից հետո շանտաժ անելով՝ շարունակաբար բռնաբարել էր իրեն։ Ն.Յ.-ն շեշտել էր, թե այլեւս չդիմանալով՝ հրազենով սպանել էր Նուրեթին Գ.-ին, որից հետո կացնով կտրել էր նրա գլուխը։



























