ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի` Ռուսաստանի մասին ուղղագիծ արտահայտություններն ուժեղացրել են հակահրթիռային պաշտպանության մասին Մոսկվայի դիրորոշումը: Այս մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
ՌԴ նախագահի խոսքով` եթե անգամ Ռոմնին չհաղթի այդ ընտրություններում, միանգամայն հնարավոր է, որ չորս տարի անց նախագահ ընտրվի նույնանման հայացքներով մեկ ուրիշը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ավելի երկարաժամկետ հեռանկարով ծրագրավորել սեփական անվտանգությունը:
Նշենք, որ իր նախընտրական ելույթներում Ռոմնին Ռուսաստանին է համարել ԱՄՆ-ի հիմնական աշխարհաքաղաքական թշնամին:
Հարցին, թե կարող է Ռուսաստանն աշխատել Ռոմնիի հետ` նրա հնարավոր ընտրության պարագայում, Պուտինն ասել է. «Կարող ենք: Ում ընտրի ամերիկյան ժողովուրդը, նրա հետ էլ կաշխատենք: Բայց կաշխատենք այնքան արդյունավետ, որքան դա կցանկանան մեր գործընկերները»,-ասել է ՌԴ նախագահը:





























