Գյումրիում սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15:10-ի սահմաններում տեղի ունեցած ավտովթարից տուժել են զինվորականներ։ Ինչպես հայտնում է  NEWS.am-ի Գյումրիի թղթակիցը, «BMW» մակնիշի 31 ՕԼ 880 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառին, դեպքը տեղի է ունեցել  Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղում:

Վթարի արդյունքում Գյումրիի  Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք են տեղափոխվել վարորդն ու ուղեւորները, ովքեր, ըստ ականատեսների, զինվորականներ են եղել։ Լուրերի համաձայն՝ վթարված մեքենան վարել է՝ փոխգնդապետ Սիմավոն Գրիգորյանը։

Բացի երկու տուժածներից, մեքենայում եւս մեկ զինվորական է եղել, ով վթարից լուրջ վնասվածքներ չի ստացել:

Ըստ բժիշկների, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի վայրում աշխատել են Գյումրիի ճանապարհային ոստիկաններն ու ռազմական ոստիկանության աշխատակիցները: