Թուրքիայի Ստամբուլ քաղաքի ոստիկանատներից մեկի դիմաց կազմակերպած պայթյունի հեղինակը «Հեղափոխական ժողովրդի փրկություն կուսակցություն-ճակատ»-ն է (DHKP-C):

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 11-ին, առավոտյան ժամը 11:00-ին Ստամբուլի ոստիկանատներից մեկի մոտ իր վրա ամրացված ռումբի պայթյունն իրականացրել է DHKP-C-ի անդամ Իբրահիմ Չուհադարը:  Պայթյունից հետո մահապարտի մարմնի մասերը ցրվել էին ոստիկանատան շուրջը:

DHKP-C-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, թե իշխող կուսակցության ոստիկանությունը պետք է վերջ տա ժողովրդին կտտանքի ենթարկելուն եւ նրա դեմ արցունքաբեր գազ օգտագործելուն:

Պայթյունի հետեւանքով մահացել էր 1 ոստիկան` վիրավորվել 7 հոգի:

Իբրահիմ Չուհուդարը նախկինում մասնակցել էր արգելված մի շարք ցույցերի, որի համար դատապարտվել էր 8 ամիս ազատազրկման:

Նշենք, որ DHKP-C-ի նպատակն է զենքի միջոցով տապալել Թուրքիայի ներկա սահմանադրական կարգը եւ հաստատել մարքսիստ-լենինյան սկզբունքների հիման վրա դրված համակարգ:

DHKP-C-ն Թուրքիայում, ԱՄՆ-ում եւ եվրոպական երկրներում մտցված է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: