Պակիստանում 2 ուժեղ հրդեհները մի քանի տասնյակ մարդու կյանք են խլել: Սեպտեմբերի 11-ի երեկոյան Կարաչիում բռնկվել է կարի ֆաբրիկան, այդ նույն օրը ավելի վաղ հրդեհ էր բռնկվել նաեւ Լագոր քաղաքի կոշիկի արտադրամասում: 

Կարաչիի Բալդիա թաղամասի կարի արտադրամասի հրդեհի զոհ է դարձել 63 մարդ: 8 ժամ տեւած հրդեհի հետեւանքով  շենքը ցանկացած պահի փլվելու վտանգի տակ էր: Փրկարարները կարծում են, որ զոհերի թիվը գերազանցում է վերջին պաշտոնական տվյալներում նշվածը, գրում է «Իզվեստիան»:

Շենքի ներսում մնում են առնվազն 30-35 մարմիններ, կոմիսար Մատանատա Ալի Հանի հայտնած տեղեկությունը մեջբերում է Express News-ը:

Կարաչիի հրդեհից առաջ երկրի արեւելքում ՝ Լագորի կոշիկի արտադրամասում, տեղի էր ունեցել ուժեղ բռնկում: Զոհվել էր 25 մարդ: Ըստ Reuters-ի` նրանց մեծ մասը ողջ-ողջ այրվել է: 18 մարդ ծանր այրվածքներով տեղափոխվել են տեղի հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար: