Սպիտակ տունը հերքել է այն տեղեկատվությունը, որ Օբաման հրաժարվել է հանդիպել Իսրայելի վարչապետի հետ վերջինիս ԱՄՆ այցի ժամանակ: Սեպտեմբերի 11-ի երեկոյան համաշխարհային լրատվամիջոցները հայտնել են, որ Բենիամին Նեթանյահուի այցի ընթացքում Բարաք Օբամայի հետ հանդիպումը չի կայանա, քանի որ Օբաման դժգոհ է իսրայելցի վարչապետի կտրուկ արտահայտություններից: Իսկ պաշտոնական մերժումը պատճառաբանվել է ԱՄՆ-ի ղեկավարի հագեցած ժամանակացույցով:
Սպիտակ տան հաղորդագրության մեջ ասվում է, որ «վարչապետ Նեթանյահուն երբեք դիմում չի նեկայացրել Վաշինգթոնում Օբամայի հետ հանդիպման վերաբերյալ», եւ բնականաբար մերժում էլ չի ստացել:
Ինչպես հայտնում է Agence France-Presse-ը, սեպտեմբերի 12-ի գիշերը Օբամայի եւ Նեթանյահուի միջեւ մեկժամանոց հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ընթացքում երկու երկրների առաջնորդները հաստատել են Իրանին միջուկային զենք ստեղծելն արգելելու իրենց մտադրությունները եւ պայմանավորվել են շարունակել իրենց համագործակցությունը նաեւ հետագայում:
Սեպտեմբերի 11-ին Նեթանյահուն կտրուկ քննադատել էր ԱՄՆ-ին, որ վերջինս չէր ցանկանում Իրանի հարցում «կարմիր գիծը» նշել, որից դուրս գալն անմիջապես կհանգեցներ պատերազմի, գրում է «lenta.ru»-ն։
Ինչպես նշում է «versii.com»-ը, նա այդպես արձագանքել է մի շարք ամերիկյան պաշտոնական անձանց հայտարարոթյուններին, որոնք մերժել են Իրանի համար հստակ սահմաններ ամրագրելու գաղափարը, որի խախտումը կնշանակեր պատերազմական գործողությունների սկսում: Իսրայելական մամուլում Նեթանյահուի հայտարարություններն անվանվել էին «հարձակում ԱՄՆ-ի աշխատակազմի վրա»:




























