Ամերիկյան խաղային մագնատ Սթիվ Ուինը դատարանի միջոցով եւս  20 միլիոն դոլարի փոխհատուցման է հասել՝ իր հասցեին զազրախոսության դիմաց: Ավելի վաղ նա արդեն մեկ անգամ ստացել էր 20 միլիոն դոլարի փոխհատուցում:

Նման որոշում սեպտեմբերի 11-ին կայացրել  է Լոս Անջելեսի ատենակալների դատարանը:

տուգանքը նշանակվել է ոչ թե տուժող կողմի կորուստների փոխհատուցման համար, այլ որպես պատասխանատուի նկատմամբ պատժամիջոց, հայտնում է Reuters-ը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ամերիկյան խաղային մագնատ Սթիվ Ուինը դատարանի միջոցով հասել է 20 միլիոն փոխհատուցման՝ իր հասցեին զազրախոսության դիմաց: Նման գումար պետք է վճարի «Girls Gone Wild» շոու խմբի հիմնադիր Ջո Ֆրանսիսը:

Ֆրանսիսը մի քանի տարի առաջ Ուինի խաղատներից մեկին 2 միլիոն դոլար էր պարտք, հրապարակայնորեն հայտարարել էր, որ խաղային մագնատը ծրագրել էր  սպանել իրեն եւ մարմինը թաղել անապատում:  Մագնատը դատարանին համոզել է, որ իր սուտ հայտարարությամբ Ֆրենսիսը իր հեղինակությանը վնաս է հասցրել եւ բարոյական տառապանք պատճառել, հայտնում է Agence France-Presse-ը:

Ջո Ֆրանսիսն իր հերթին վստահեցնում է, որ սպանության ծրագրերի մասին իրեն հայտնել էր պրոդյուսեր եւ երաժիշտ Քվինսի Ջոնսը: Վերջինս դատարանում հայտնել է, որ ոչինչ չի իմացել Ֆրանսիսի  դեմ սպառնալիքների մասին:

Ինչպես գրում է «lenta.ru»-ն,  70-ամյա Սթիվ Ուինը աշխարհի ամենահարուստ խաղային մագնատներից է: 2012 թվականի առաջին քառորդում նրա ընկերության շահույթը կազմել է 1,3 միլիարդ դոլար: Նրա շահույթի երկու երրորդը բերում է Մակաոյի՝ Չինաստանում  միակ քաղաքի նրա խաղատունը, որտեղ թույլատրելի է խաղային բիզնեսը: Նրան է պատկանում Լաս Վեգասի խաղատների ցանցը: