Pussy Riot-ի «հեղափոխականները եւ դեւերը» նպատակ ունեին փոխել Ռուսաստանի կառուցվածքը` ելույթ ունենալով սուզանավերի վրա: Այս մասին հայտնել է փանկ-խմբի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Արտյոմ Ռանչենկովը:
Ռանչենկովը կարծիք է հայտնել, որ խմբի աղջիկներին անհրաժեշտ էր կանգնեցնել, հակառակ դեպքում ամեն ինչ ավելի լուրջ ավարտ կունենար: Ըստ քննիչի` Pussy Riot-ը ծրագրում էր ելույթներ ունենալ այնպիսի «արգելված վայրերում», ինչպիսին օրինակ սուզանավերն են, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Pussy Riot-ի ներկայցուցիչները հայտնել են, որ սուզանավերի վրա ելույթ ունենալու նպատակ չեն ունեցել, սակայն նշել են, որ գաղափարը միանշանակ հետաքրքիր է:
Ընդ որում, լուրեր են տարածվել, որ սկանդալային փանկ-խմբի հետեւում, շատ հնարավոր է, որ կանգնած է միլիարդատեր Բորիս Բերեզովսկին, ում հովանավորությամբ աղջիկները պետք է գործեին Ռուսաստանում` սկսելով հենց եկեղեցական գծից:
Հիշեցնենք, փետրվարի 21-ին խմբի մասնակիցները դիմակներով մտել էին Մոսկվայի Քրիստոս Փրկիչ մայր տաճար, որտեղ բարձրացել էին եկեղցու խորան եւ երգել «Աստվածամայր, վտարիր Պուտինին» երգը: Դատարանը օգոստոսի 17-ին աղջիկներին դատապարտել էր 2-ական տարվա ազատազրկման:





























