ԱՄՆ-ում Հունգարիայի դեսպանատանը սեպտեմբերի 10-ին դեսպան Դյորդ Սապարիի հետ հանդիպման ընթացքում Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը վրդովմունք է հայտնել ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու մասին հունգարական կառավարության որոշման կապակցությամբ, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Հայկական պատվիրակությունը քննադատել է հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար  Բուդապեշտում ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու եւ կոչումը բարձրացնելու վերաբերյալ Բուդապեշտի թույլ պատասխանը:

Հունգարիայի կառավարությանը բացահայտ ներողություն խնդրելու եւ Բաքվի ամոթալի գործողությունները  խստորեն քննադատելու կոչ անելով`  Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մեկժամանոց հանդիպման ընթացքում ներկայացրել է համայնքի անհանգտության ողջ ծավալը, այդ թվում` հետեւյալ երեք կետերը.

1) Վստահություն չի ներշնչում այն, որ հունգարական կառավարությունը պնդում է, թե արտահանձնման որոշումը կայացնելիս չի իմացել  «ներման» հետ կապված ակնհայտ սողանցքի մասին:

2) Վստահություն չի ներշնչում այն, որ հունգարական կառավարությունը պնդում է, թե  իբր չի իմացել Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին իբրեւ ազգային հերոս հրապարակավ մեծարելու կամ էլ այն բարձր հավանականության մասին, որ մարդասպանին Բաքու հասնելուց հետո ներում կշնորհվի Իլհամ Ալիեւի կողմից:

3) Վստահություն չի ներշնչում այն, որ հունգարական կառավարությունը պնդում է, թե  իբր չի իմացել, որ իր գործողությունները կնպաստեն Ադրբեջանի սպառնալիքների եւ տարածաշրջանի իրավիճակն ապակայունացնող ու խաղաղությանը խոչընդոտող բռնության գործողությունների սրացմանը:

Կասկածները, որ հունգարական կառավարությանը հայտնի էր Սաֆարովին ներելու Ադրբեջանի մտադրության մասին, հաստատվել էին Վաշինգթոնում Հունգարիայի դեսպանի հետ հանդիպումից հետո միայն մեկ օր անց: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ «ԱԳՆ-ն կանխատեսում էր, թե ինչպիսի հետեւանքներ կունենա որոշումը: Մեր որոշումից հետո տեղի չի ունեցել այն, ինչ մենք նախապես հաշվի առած չլինեինք»:

Նշենք նաեւ, որ սեպտեմբերի 7-ին հայկական կազմակեպությունների ներկայացուցիչները հանդիպել են Բոսթոնում Հունգարիայի դեսպան Գաբոր Գարայի հետ: Նրանք իրենց դժգոհությունը եւ մտահոգությունն են հայտնել հունգարական կառավարության դիրքորոշման վերաբերյալ: Նրանք ընդգծել են, որ Ադրբեջանում Ռամիլ Սաֆարովի աջակցությունը  հակահայկական տրամադրությունների ակնհայտ բյուրեղացումն է: