2012 թ. հոկտեմբերի 29-31-ը Համաշխարհային հայ ոսկերիչների միությունը (Armenian Jewellers Association, AJA) Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպելու է ոսկերչության խոշոր ցուցահանդես: Այդ թեմայով զրուցեցինք AJA-ի գործադիր տնօրեն Արտակ Ուդումյանի հետ:

Պրն. Ուդումյան, ի՞նչ ցուցահանդեսի մասին է խոսքը, ո՞րն է դրա տնտեսական նշանակությունը:

AJA-ն այս տարի նշում է իր 15-ամյակը: Մոտ 14 տարի փորձել ենք Հայաստանում ոսկերչական ցուցահանդես անցկացնել, միայն անցյայ տարի դա հաջողվեց: Այս տարի երկրորդն է, ու հույս ունենք, որ այն ավանդական կդառնա: Եթե անցյալ տարի մասնակցում էին միայն տարբեր երկրների հայ ոսկերիչները, ապա այս տարի հրավիրել ենք նաեւ օտարազգի ոսկերիչների, որոնք սիրով համաձայնել են մասնակցել: Անգամ թուրք ոսկերիչներ են գալու:

Մեր նպատակն է Հայաստանը դարձնել ոսկերչության կենտրոն: Իսկ դրա լավագույն միջոցներից մեկը արտասահմանյան ոսկերիչներին Հայաստան հրավիրելն է, ցուցահանդեսներ կազմակերպելը: Այս ցուցահանդեսին ներկա է լինելու նաեւ Համաշխարհային ոսկերիչների միության (CIBJO) նախագահ Գաետանո Կավալյերին:

Իսկ հայաստանցի ոսկերիչներն ի՞նչ պայմաններով են մասնակցելու:

Ի տարբերություն անցյալ տարվա՝ այս տարի վճարովի է լինելու մասնակցությունը: Նման բարձր կարգի ցուցահանդեսներ կազմակերպելը մեծ ծախսեր է պահանջում: Այս տարի վճար ենք վերցնում, քանի որ հրավիրում ենք նաեւ գնորդների եւ նրանց ծախսերի մի մասը վերցնում ենք մեզ վրա: Մեկ ցուցափեղկի վարձակալությունը կարժենա 1000 դոլար, 2-ինը՝ 1500 դոլար, երեքինը՝ 2000 դոլար: Ցանկացած հայ ոսկերիչ, լինի անհատ, թե կազմակերպություն, կարող է մասնակցել ցուցահանդեսին: Այս պահի դրությամբ Հայաստանից արդեն 10 հայտ ունենք:

Ասացիք՝ ցանկանում եք Հայաստանը դարձնել ոսկերչության կենտրոն: Բաց այդ դեպքում ինչո՞ւ է AJA-ը գտնվում արտասահմանում:

AJA-ը գրանցված է Հայաստանում, սակայն գրասենյակը միշտ էլ գտնվել է կազմակերպության նախագահի հիմնական գործունեության վայրում: Երբ նախագահ էր պրն. Ասլանյանը՝ գրասենյակը Բելգիայում էր, Գագիկ Աբրահամյանի ժամանակ Հայաստանում էր, Վարդգես Քնաճյանը Շվեյցարիայում էր: Ներկայիս նախագահը՝ Գագիկ Գեւորգյանը, հիմնականում  Մոսկվայում է գտնվում, քանի որ նաեւ հանրահայտ «Էսթեթ» ընկերության ղեկավարն է: Նշեմ, որ AJA-ը հասարակական աշխատանք է նախագահների համար:

Ինչպե՞ս կգնահատեիք ոսկերչության վիճակը Հայաստանում:

Դա շատ դժվար է անել: Այսօր մեր ոսկերիչները կենտրոնացած են «բաղնիքում»: Իսկ Ստամբուլում ոսկերիչները մի մեծ կենտրոն ունեն, որտեղ եւ արտադրություն կա, եւ առեւտուր, եւ սպասարկման համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները: Մոտ 1600 ոսկերիչ փայամասնակցության սկզբունքով ստեղծել է այդ ահռելի կոմպլեքսը, իսկ ազգությամբ հայ ոսկերիչները նույնիսկ եկեղեցի են կառուցել այդ տարածքում: Հայաստանում չի խրախուսվում արտահանումը, չեն օգնում նոր շուկաներ գրավել, ցուցահանդեսներին մասնակցելը չեն խրախուսում: Նույն Թուրքիայում արտասահմանյան ցուցահանդեսներին մասնակցելու համար կառավարությունը աջակցում է: Հայաստանում ոսկերչության համար մեծ խթան կարող է հանդիսանալ ազատ տնտեսական գոտին, որի վերաբերյալ համաձայնություններ կան, էկոնոմիկայի նախարարությունը մեզ աջակցում է: Մնում է շենքային հարցերը լուծենք:

Կարծիք կա, որ ոսկերչությամբ զբաղվելը Չինաստանում կամ Հնդկաստանում ավելի գրավիչ է:

Հիմա այդպես չէ: Չինաստանում աշխատավարձերը բարձրացել են, հայ ու չինացի ոսկերիչների աշխատավարձերը հավասարվել են (մոտ 500 դոլար): Դա նախադրյալներ է ստեղծում, որպեսզի ոսկերիչներն իրենց կապիտալը ողջ աշխարհից տեղափոխեն այստեղ: Հնդկաստանում ախատուժն ավելի էժան է, բայց Հնդկաստանն ավելի կենտրոնացած է քարերի մշակման ոլորտում:

Զրուցեց՝ Սամվել Ավագյանը