ԱՄՆ-ի հայկական քաղաքական, հոգեւոր, ուսանողական եւ երիտասարդական կազմակեպությունների ներկայացուցիչները սեպտեմբերի 10-ին հավաքվել են Նյու Յորքում Հունգարիայի հյուպատոսության առջեւ` բողոքելով Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ  ներման դեմ: Մասնակցել են 300 բողոքողներ: Այդ մասին հայտնում է «The Armenian Weekly»-ն:

«Այսօրվա բողոքը ամբողջ աշխարհով համանման ակցիաների շարունակությունն է  արդարության կոչերով: Հնարավոր չէ պատկերացնել որեւէ հանգամանք, հանուն որի Լեռնային Ղարաբաղի հայերը կարողանան ապրել Ադրբեջանի տիրապետման տակ»,– ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անդամ Ջեյմս Սահակյանը:

Բողոքողները վանկարկել են կոչեր. «Մենք արդարություն ենք ուզում հիմա», «Բանտարկեք Սաֆարովին» եւ «Թուրքիան սուտասան է»:  Բողոքողներին բաժանել էին մոմեր եւ ծաղիկներ, որպեսզի դնեն Գուրգեն Մարգարյանի պաստառի առաջ:  Մասնակիցների ձեռքին եղել է Հայաստանի դրոշը եւ հետեւյալ գրությամբ պաստառներ. «Արդարություն Գուրգեն Մարգարյանի նկատմամբ» եւ «Հունգարիայում արդարադատությունը վաճառվում է»:

Ցույցի ավարտին Հայկական երիտասարդական ֆեդերացիայի անդամները վերցրել են ԵԱՀԿ Մադրիդյան սկզբունքների օրինակները, ըստ որի ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի համաձայն:  Երիտասարդությունը հայտարարել է, որ Ադրբեջանը հերթական անգամ ցուցադրել է իր անկարողությունը, եւ որ այդ սկզբունքները պետք է համարվեն անհիմն: Նրանք այրել են փաստաթուղթը բոլոր ներկաների առջեւ:

Հիշեցնենք, որ Բուդապեշտում 2004թ. ՆԱՏՕ-ի կազմակերպած անգլերեն դասընթացների ընթացքում ադրբեջանական բանակի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը կացնահարել էր  հյուրանոցային համարում քնած հայկական բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին: 2006թ. ապրիլին Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման: 2012թ. օգոստոսին հունգարական կողմը համաձայնել էր Սաֆարովին արտահանձնել Ադրբեջան, որտեղ նա պետք է շարունակեր կրել պատիժը: Սակայն դրա փոխարեն օգոստոսի 31-ին, երբ Սաֆարովը ուղարկվեց Բաքու, անմիջապես ներման արժանացավ եւ հայտնվեց ազատության մեջ: