Վերահսկիչ պալատի`2011 թ-ի ամենամյա հաշվետվության շուրջ բուռն քննարկումները շարունակվել են նաեւ այսօր` սեպտեմբերի 12-ին:

Քննարկման երկրորդ օրը Վերահսկիչ պալատի արդյունավետ աշխատանքի կապակցությամբ հանդես են եկել Հայ ազգային կոնգրես խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության պատգամավորները: Արամ Մանուկյանը իր ելույթում նշել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վերահսկիչ պալատը հաշվետու է խորհրդարանին, իր գործունեության ընթացքում պետք է զգար խորհրդարանի շունչը: Սակայն, պատգամավորի կարծիքով, Ազգային Ժողովը հետեւողական չէր այս գործում եւ արդյունքում վերահսկիչ պալատը արդյունավետ չի աշխատել. «Ես չեմ քվեարկի Վերահսկիչ պալատի ամենամյա հաշվետվության օգտին»:

Մինչդեռ, ընդդիմադիր պատգամավորը հաշվի չի առել այն  հանգամանքը, ըստ որի «Հայաստանի վերահսկիչ պալատի» օրենքի 17-րդ հոդվածի համաձայն Վերահսկիչ պալատը քվեարկության չի դնում Վերահսկիչ պալատի ամենայա հաշվետվությունը եւ ինքը` Վերահսկիչ պալատը հաշվետու չէ խորհրդարանին: Օրենքի համաձայն, խորհրդարանը քննարկում է ամենամյա հաշվետվությունը եւ ի գիտություն է ընդունում այն:

Իր հերթին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարծում է, որ ամենամյա հաշվետվության կառուցվածքը եւ բովանդակությունը չեն համապատասխանում պահանջներին, քանի որ նրա մեջ չեն արտացոլվում ընթացիկ գործերը, չկան վերջնական արդյունքեր, եւ չեն նշվում, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն առկա խնդիրների լուծման համար: «Վերահսկիչ պալատի ամենամյա հաշվետվությունը  եւս մեկ անգամ ապացուցում է, որ նման կառույցներում նշանակումներ պետք է կատարվի խորհրդարանական ընդդիմության մասնակցությամբ, կամ էլ կառավարության կազմի մեջ ընդդիմության ներկայացուցիչներ պետք է ընդգրկվեն»,-նշել է Ա. Մինասյանը: