Առաջին անգամ ՀԱՊԿ-ի ԱԱՀՈՒ համատեղ  «Փոխգործակցություն-2012» ուսումնավարժանքներին կմասնակցեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ստորաբաժանումները: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

Ինչպես հաղորդվել էր, ուսումնավարժանքները Հայաստանի տարածքում կանցկացվեն սեպտեմբերի 15-19-ը, թեման է «Կովկասի տարածաշրջանում հավաքական անվտանգության ուժերի եւ միջոցների համակարգի գործադրումը ՀԱՊԿ ԱԱՀՈՒ-ի մասնակցությամբ»։ Ուսումնավարժանքներին կմասնակցեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ 6 երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի եւ Ղրղըզստանի արագ արձագանքման եւ հատուկ նշանակության ուժերը, ինչպես նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի միջազգային դիտորդներ: Մասնակիցների ընդհանուր թիվը շուրջ 2000 է:

ԿԽՄԿ-ի ստորաբաժանումներն առաջին անգամ են մասնակցում զորավարժանքներին: Մասնակցության նպատակը ԱԱՀՈՒ-ի հրամանատարության հետ փոխգործակցությունն է: ԿԽՄԿ-ն եւ  ԱԱՀՈՒ-ի հրամանատարությունը համատեղ ուսումնական ասուլիսներ կկազմակերպեն մասնակիցների համար, նաեւ կզբաղվեն գործնական հարցերի մշակմամբ: