Միջազգային հանրության գիտակցության մեջ պետք է արմատավորել Ադրբեջանի եւ Թուրքիայի բարբարոսության գաղափարը: Նման տեսակետ այսօր`սեպտեմբերի 12-ին, լրագրողներին հայտնել է «Նորավանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Գագիկ Հարությունյանը: Սաֆարովի դեպքը, հավելել է նա, ավելորդ անգամ ապացուցեց դա: Եւս մեկ դաս` միջազգային հանրության կարծիքի գերագնահատումը:

«Այն, ինչ մենք անվանում ենք միջազգային հանրություն, բավական պայմանական հասկացություն է: Հունգարիայի եւ եվրոպական այլ երկրների դեպքում մենք լսեցինք հասարակության նվազագույնը մի մասի համար անսպասելի կարծիքներ: Այդ պատճառով իդեալներ կարելի է ունենալ, բայց  պատրանքներ` չարժե», - ընդգծել է Հարությունյանը:

Այնուամենայնիվ, հավելել է նա, պետք է ինքնուրույն աշխատել տեղեկատվական դաշտի հետ` չսպասելով արտասահմանից արձագանքի, ինքնուրույն Սաֆարովի գործը որպես Ադրբեջանի ագրեսիայի ապացույց ներկայացնել : Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Ադրբեջանին հանձնված Սաֆարովը արդեն մեկնաբանություններ տվել է իր արարքի մասին, հայտարարելով, որ որոշել է սպանել հայ սպաներին, երբ տեսել էր նրանց ժպտալիս:

Այդ ամենի հետ մեկտեղ, կարծում է Հարությունյանը,  բանակցային գործընթացը պետք է պահպանվի, անգամ հաշվի առնելով այն, թե դրա վրա ինչպես է ազդել վերջին դեպքը: «Ադրբեջանը ջանում է կրկնել Թուրքիայի քաղաքականությունը հարեւանների հետ խնդիրներ ստեղծելիս:  Այստեղից էլ բխում են վերսկսված բարդությունները Թուրքմենստանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ: Շփման գծում լարվածությունը մնում է, սակայն բանակցությունների շարունակությունն անհրաժեշտ է», - եզրակացրել է փորձագետը: