ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծման պահից սկսած առաջին անգամ ականատես եղանք, որ բանակցային գործընթացը դեմ է առել փակուղու: Այդ մասին Գաբալայում ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, գրում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:

«Անցած տարիներին բանակցային գործընթացի մի քանի փուլերը, մի շարք առաջարկները ապարդյուն անցան: Մադրիդյան սկզբունքների առաջարկների վերջին փաթեթը, որից Ադրբեջանը չի հրաժարվել, չնայած որոշ հայեր հակառակն են պնդում, ես կասեի,  հնարավոր է, կարգավորման վերջին հնարավորությունն էր: Տվյալ պահին Հայաստանն այս դրվագն օգտագործում է իբրեւ պատրվակ: Նրանք փորձում են որքան հնարավոր է պահպանել ստատուս քվոն: Նրանք միշտ հայտարարում են, որ հարցի խաղաղ լուծում են ցանկանում: Մենք եւս ձգտում ենք հարցը խաղաղ ճանապարհով լուծելու: Դրան զուգահեռ, մենք ցանկանում ենք ազատագրել մեր հողերը», - ասել է Ադրբեջանի նախագահը` հավելելով, որ Հայաստանը միայն խաղաղություն է ուզում, Ադրբեջանը`  «խաղաղություն եւ իր հողերը»:

Այնուհետ Ադրբեջանի նախագահը միջազգային հանրության կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի ազատումը միահամուռ կերպով դատապարտելն անվանել է  «անտեղի աղմուկ»: