Ռուսական վարկի (խոսքը Ռուսաստանի Դաշնության կողմից 2009 թ. տրամադրած 500 մլն դոլար վարկի մասին է) միջոցներից 74 մլրդ դրամ է հատկացվել ֆինանսաբանկային հատվածին; Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին ՀՀ Ազգային Ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: « Այլ պետությունից թանկ վարկ են վերցնում, տալիս են բանկային սեկտորին որպես ռեսուրս»,- ասաց Հ. Բագրատյանը:

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, որ նախկինում եւս վարկային ռեսուրսներ են ստացվել միջազգային կազմակերպություններից ու որպես ռեսուրս տվել են բանկային համակարգին, որն էլ այն բաշխել է տնտեսության իրական հատվածին: Որպես օրինակ բերվեց Գերմանական զարգացման բանկի հետ ստեղծված հիմնադրամը, որի գործունեությունը բարձր են գնահատել միջազգային կառույցները:

Սակայն նախկին վարչապետին այս պատասխանը չբավարարեց: «2009 թ. տնտեսությունում 15% անկում է եղել, իսկ բանկերի շահույթը 50 %-ով ավելացել է»,-հայտարարեց Հ. Բագրատյանը, հավելելով, որ բանկերը պետք է լինեն տնտեսության համար, այլ ոչ թե հակառակը:  Ֆինանսների նախարարն անմիջապես համաձայնեց այդ դիտողությանը, սակայն նշեց, որ բանկերին վարկային ռեսուրսներն հատկացվում են ավելի թանկ, քան ձեռք են բերվում արտասահմանից:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի