Բելգիա շրջագայության մեկնած կուբացի երգչուհին երկու շաբաթ շարունակ գտնվում է Բրյուսելի միջազգային օդանավակայանի ֆիլտրացիոն տարածքում: Երգչուհին «Sonora Cubana» խմբի մեներգչուհին է, ով նախատեսել էր մի քանի համերգներով հանդես գալ:
Ինչպես հաղորդում է բելգիական RTBF հեռուստառադիոընկերությունը, կուբացի երգչուհին ունեցել է Բելգիայի մուտքի վիզա, վերադարձի տոմս, ամենօրյա ծախսերի համար 600 եվրո, ինչպես նաեւ համերգների կազմակերպչի հրավերը: Սակայն նա չի կարողացել սպառիչ պատասխան տալ Բելգիա իր այցի վերաբերյալ: «Sonora Cubana» խմբի մյուս անդամները, ովքեր նույն փաստաթղթերը ունեին, անձնագրային ստուգումն անցել են առանց խոչընդոտների:
Բելգիայի` արտասահմանցիների հարցերով դաշնային գրասենյակից պարզաբանել են, որ կուբացի երգչուհին Բելգիայի տարածքում որեւէ հյուրանոցի համար չի պատվիրել, այդ պատճառով չի կատարել երկիր մուտք գործելու պայմանը, հաղորդում է «Ռոսբալտը»:
Երգչուհու իրավապաշտպանը արդեն հայց է ներկայացրել նրան ազատելու պահանջով, սակայն դատական որոշման համար եւս 5 օր անհրաժեշտ կլինի, որոնց ընթացքում նա ստիպված կլինի մնալ բրյուսելյան օդանավակայանի շենքում:





























