Կենտրոն-Մարաշ ընդհանուր ատյանի դատարանում սեպտեմբերի 12-ին մեկնարկել է «Օլիմպ» կոոպերատիվի, Աբովյան 4 հասցեի տարածքի (որտեղ գտնվում էր հագուստի «Միլանո» խանութը) նախկին սեփականատեր Հովհաննես Ղուկասյանի նոր դատական հայցի քննությունը:
Հայցը ներկայացվել է ընդդեմ Հայաստանի Հանրապետության` ի դեմս քաղաքապետարանի, գործով դատավոր է նշանակվել Գայանե Կարախանյանը: Դատավարության նոր փուլի համար հիմք է ծառայել դատարանի ուժի մեջ մտած որոշումը «Օլիմպ» կոոպերատիվի դեմ քաղաքապետարանի հարուցած հայցով։ Այդ որոշման համապատասխան՝ կոոպերատիվը մայրաքաղաքային իշխանություններին էական գումար է պարտք գույքահարկ չվճարելու արդյունքում։ Ընդ որում հարկը հաշվարկված է շենքի երեք հարկի եւ հարակից տարածքի համար։
Հիշեցնենք, որ պատասխանող կողմը չի ցանկանում ընդունել, որ գործարարին պատկանող եւ պետության ու հասարակության կարիքների համար 2008թ. օտարված անշարժ գույքը բաղկացած է երեք հարկից ու հարակից տարածքից։ Պատասխանող կողմը կտրականապես հրաժարվում է ընդունել այս փաստը եւ գործարարին վճարել է փոխհատուցում ընդամենը մեկ հարկի համար։ Ստեղծված իրավիճակը գործարարի փաստաբաններին թույլ է տվել կրկին դիմել դատարան՝ պահանջելով վերանայել պետության վճարած փոխհատուցման պայմանները։
Հայցն արդեն ընդունված է դատավոր Գայանե Կարախանյանի վարույթում։ Իր որոշման մասին Գ. Կարախանյանը կհայտնի սեպտեմբերի 14-ին: Նշենք, որ պատասխանող կողմը առաջին նիստին չի ներկայացել:




























