Ադրբեջանցի զոհված զինծառայող Իսմայիլ Իբաեւի հարազատները պնդում են, որ  դիակի  ներքին օրգանները չեն եղել: Այդ մասին նրանք հայտնել են սեպտեմբերի 12-ին` լրագրողների հետ հանդիպմանը:

Ըստ Ադրբեջանի Պաշտպանության նախարարութան տվյալների` Նախիջեւանում ծառայող Իբաեւն ինքնասպան էր եղել օգոստոսի 1-ին`ծառայողական զենքից  կրակելով գլխին: Սակայն ծնողները չեն հավատում այդ վարկածին: Նրանք վստահ են, որ իրենց որդուն սպանել են ներքին օրգանները վաճառելու նպատակով, հաղորդում է contact.az-ը:

Մզկիթում մարմնի լվացման ժամանակ հայրը նկատել է, որ որդու օրգանները բացակայում են: Ըստ հոր` մարմնի փորձաքննությունն անցկացվել է  զինվորի մահվանից հետո 39-րդ օրը` հարազատների ներկայությամբ: Փորձագետները եզրակացրել են, որ «ներքին օրգանները նեխել են»: Ծնողները կարծում են, որ եզրակացությունը կեղծ է: Ըստ զինվորի մոր` իրենց գումար էին առաջարկել լռության դիմաց: 

Ծնողների վարկածը հաստատել է հեռախոսային կապով Ֆրանսիայից մամուլի ասուլիսին միացած Ռահիմ Նամազովը` Նախիջեւանի զինդատախազ Յաշար Հասանովի նախկին վարորդը: Նամազովը հայտարարել է, որ Նախիջեւանում զինվորների ներքին օրգանները հանելու դեպքեր եղել են: Ըստ նրա` մի անգամ Հասանովն իրեն խոստովանել էր. «Երեկ ես չէի կարողանում նորմալ քնել,  երազում տեսնում էի զինվորին, որը պահանջում էր իր երիկամները, կարծես զգում էր, որ դրանք ինձ մոտ են»: Նա նաեւ հայտնել է, որ նմանատիպ  դեպքեր իրեն պատմել էր Գյանջայից մի սպա: