Կառավարության ծրագիրը նախատեսված է 5 տարավա համար, հետեւաբար, «Գիտություն եւ կրթություն» կետով նախատեսված անվճար համակարգիչներն առաջին դասարանցիներին տրամադրելու ծրագիրը կիրագործվի հինգ տարվա ընթացքում: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 12-ին, խորհրդարանում հայտնել է  Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով ՀԱԿ-ի անդամ պատգամավորի հարցին, թե որտեղ են  առաջին դասարանցիներին կառավարության  հնգամյա ծրագրում խոստացված  համակարգիչները: Վարչապետի խոսքով` կառավարությունը մշակում է համակարգիչների ձեռքբերման ծրագիրը:

Ըստ ծրագրի` ամեն տարի կառավարությունը պետք է գնի 50 հազար համակարգիչ առաջին դասարանցիների համար: Ներկայումս բանակցություններ են տարվում «Intel» ընկերության հետ, որը մասնագիտանում է կրթական ծրագրերում: Նախատեսվում է, որ Հայաստանում կբացվի տարածաշրջանային կենտրոն, կառավարությունը նաեւ հուսով է, որ  երկրում կբացվի համակարգիչների հավաքման ձեռնարկություն:  Վարչապետը նաեւ նշել է, որ եթե «Intel»-ի հետ բանակցություններն արդյունք չտան, ապա կառավարոթյունը կսկսի  բանակցել այլ ընկերությունների հետ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որոնք կիրականացնեն այդ ծրագրերը: 

Վարչապետի պատասխանին Փաշինյանը խնդրել է ավելի հստակ պատասխան, թե առաջին դասարանցիները երբ կստանան իրենց անվճար համակարգիչները: Սարգսյանը հայտնել է, որ 2013 թվականի բյուջեում գումար է նախատեսված համակարգիչներ ձեռք բերելու ծրագրերի մշակման համար, այլ ոչ թե նրանց ձեռքբերման. «Սակայն այդ ծրագրի շրջանակում առաջին դասարանցիներն անպայման կստանան իրենց անվճար համակարգիչները»: