Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պետք է հրաժարական տա այն բանից հետո, երբ խոստովանեց, որ անձամբ է տվել հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու  հրամանը: Այդ մասին սեպտեմբերի 11-ին հայտարարել է ընդդիմադիր Հունգարական սոցիալիստական կուսակցության առաջնորդ Աթիլա Մեշթերհազին:  

Նրա խոսքով` Օրբանի պատմածից պարզ է դառնում, որ վերջինս իմացել է Սաֆարովին ազատելու Ադրբեջանի մտադրությունը:  Ըստ նրա` արդարադատության եւ արտաքին գործերի նախարարները Օրբանին զգուշացրել էին հնարավոր հետեւանքների մասին, սակայն, չնայած դրան, նա որոշում էր կայացրել, հայտնում է politics.hu-ն:

Սոցիալիստների առաջնորդը Օրբանին նաեւ անվանել է «բարոյապես սնանկ», ավելացնելով, որ ազգային անվտանգության ծառայությանը անհրաժեշտ է տվյալ գործով հետաքննոթյուն անցկացնել: Մեշթերհազին կարծում է, որ Օրբանը «անմտածված»  որոշում է կայացրել, եւ նա միակն է, ով պատասխանատու է ստեղծված իրավիճակի համար: