Հարբած եւ բոկոտն  բրազիլացին ներխուժել է նախագահական պալատ, որպեսզի առաջարկություն անի երկրի ղեկավար Դիլմա Ռուսեֆին: 29-ամյա Էդմեյրե Սելեշտինու դա Սիլվան թափահարել է 65-ամյա կնոջ լուսանկարը եւ բղավել նրա նկատմամբ  իր զգացմունքների մասին, մինչեւ որ թիկնապահները ոլորել են ձեռքերը:

Բրազիլիայի առաջին տիկնոջ չկայացած փեսացուին տեղափոխել են հիվանդանոց` մեղսունակությունը ստուգելու, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Դիլմա Ռուսեֆը Բրազիլիայի պատմության մեջ առաջին կին նախագահն է, եւ 2011 թվականին նա, ըստ Forbes-ի, երրորդ տեղն է զբաղեցրել աշխարհի ամենաազդեցիկ կանանց վարկանիշում` զիջելով միայն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: 65 տարեկան Ռուսեֆն ամուսնացած է եղել 2 անգամ, իսկ ներկայումս ամուսնալուծված է, երկրորդ ամուսնությունից նա դուստր ունի:

Սա Բրազիլիայի նախագահի պաշտոնին գտնվելու 21 ամսվա ընթացքում Ռուսեֆի  նստավայր ներխուժելու արդեն վեցերորդ փորձն է: