Թուրքիայի հարավ-արեւելյան Քաթո լեռան վրա թուրքական անվտանգության ուժերի գործողությունների հետեւանքով սպանված քուրդ զինյալների համար PKK-ն զինվորական արարողություն է կազմակերպել։
Քրդական Firat գործակալության փոխանցմամբ՝ PKK-ն (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) Քաթո լեռը բարձրացած հարյուրավոր քուրդ քաղաքացիների ներկայությամբ կազմակերպել է թուրքական անվտանգության ուժերի հետ բախումներում սպանված 7 զինյալների համար զինվորական արարողություն։ Քուրդ զինյալների հրամանատարը լեռ բարձրացած բնակչությանը տեղեկություններ է հաղորդել թուրքական զինված ուժերին հետ ունեցած բախումների մասին, որից հետո PKK-ի դրոշներով փաթաթված դիակները բնակիչները իջեցրել են լեռից։
Սակայն դիակները քաղաք մտցնելու ժամանակ ժանդարմերիան կանգնեցրել է քրդերին եւ բռնի ուժով վերցրել դիակները եւ ուղարկել դատական փորձաքննության։
Նշենք, որ սեպտեմբերի 2-ին Թուրքիայի հարավ-արեւելյան Բեյութշեբափի շրջանում քուրդ զինյալները համաժամանակյա հարձակում են գործել՝ փորձելով գրավել շրջկենտրոնը։ Հարձակման հետեւանքով սպանվել էր 10 թուրք զինվորական։ Հարձակումից հետո թուրքական զինված ուժերը լայնածավալ գործողություններ են սկսել Քաթո լեռը հեռացած քուրդ զինյալների դեմ։
































