Լիբիայի իշխանությունները Բենղազիում ԱՄՆ դեսպանի սպանության պատասխանատու են հայտարարել նախկին նախագահ Մուամմար Քադաֆիի կողմնակիցներին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Բենղազիում կայացած ասուլիսում կարծիք է հայտնել է Լիբիայի ներքին գործերի նախարարի տեղակալ Վանիս աշ Շարեֆը՝ ավելացնելով, որ նախկին վարչակազմի կողմնակիցները օգտվել են ստեղծված իրավիճակից։
Փոխնախարարը նաեւ նշել է, որ քադաֆիականները կարողացել են այսպիսով վրեժխնդիր լինել Լիբիայի նախկին ՆԳ նախարար Աբդալա աս Սենուսիին Մավրիտանիայից արտահանձնման համար։ «Полит.Ру»-ն Reuters-ին հղումով տեղեկացնում է, որ Լիբիայի իշխանությունը՝ ի դեմս Լիբիայի գերագույն ազգային կոնգրեսի ազգային խորհրդի նախագահ Մոհամադ ալ Մագարիֆի ներողություն է խնդրել ԱՄՆ-ից դեսպանի սպանության համար։ «Մենք ներողություն ենք խնդրում ԱՄՆ-ից, ամերիկացիներից եւ ամբողջ աշխարհից՝ տեղի ունեցածի համար»,- հայտարարել է նա Տրիպոլիում կայացած ասուլիսում։
«Մենք խստորեն քննադատում ենք այս հարձակումը, որը հակադրվում է Իսլամի դավանաբանությանը։ Մեր երկիրը հստակ միջոցներ կձեռնարկի, որպեսզի այս հանցագործության մեղավորներին պատժի»,- ասել է Մագարիֆը՝ ավելացնելով, սակայն, որ չեն հանդրուժի մահմեդականների զգացմունքները վիրավորող փորձեր։
Նշենք, որ սեպտեմբերի 11-ին Լիբիայում բողոքի ցույցեր են սկսվել «Մահմեդականների անմեղությունը» սկանդալային ֆիլմի պատճառով, որը նկարահանվել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կապակցությամբ։




























