Թուրքիայի հարավային Ադանա քաղաքում պղպեղ վաճառողների եւ քաղաքապետարանի աշխատակիցների միջեւ քարերով եւ գերաններով պատերազմ է տեղի ունեցել, որին հազիվ են միջամտել նույնիսկ ոստիկանները։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ադանա քաղաքի Սեյհանի շրջանում գտնվող պղպեղ վաճառողներին քաղաքապետարանը զգուշացրել էր, որ նրանք չափից ավել ապրանք են բերում եւ պարտադրել էր տաղավարները հանել։
Քաղաքապատերանի աշխատակիցները զգուշացումից մեկ ամիս անց տեխնիկայով անցնում են տաղավարները հանելու, սակայն հանդիպում են պղպեղ վաճառողների դաժան հարձակմանը։ Քաղաքապետարանի աշխատակիցները հավաքվում են, ի մի բերում իրենց ուժերը եւ անցնում հակահարձակման։
Քարերով եւ գերաններով մարտի ընթացքում օգտագործվում էին ծանր հայհոյանքներ, որոնց տեղում Hurriyet-ի մոնտաժողը ստիպված է եղել «տու» դնել։
Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը հազիվ է կարողացել հանդարտեցնել իրավիճակը։


























