ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կտրուկ քննադատել է Լիբիայում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակումը, որի հետեւանքով ամերիկացի չորս դիվանագետ էր զոհվել, այդ թվում` ԱՄՆ դեսպան Քրիսթոֆեր Սթիվենսը:

Օբաման Բենգազիում գտնվող հյուպատոսության վրա գրոհը վրդովեցուցիչ է համարել եւ հայտարարել, որ հրահանգել է խստացնել անվտանգության միջոցառումները արտերկրում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների նկատմամբ: Օբաման խոստացել  է համագործակցել Լիբիայի իշխանությունների հետ` մարդասպաններին դատարանին հանձնելու հարցում, հաղորդում է BBC-ին:

«Միացյալ Նահանգները մերժում է որեւէ մեկի կրոնական համոզմունքները վիրավորելու ցանկացած փորձ, սակայն միաժամանակ մենք պետք է դիմակայենք անմիտ բռնությանը, որի արդյունքում զոհվեցին մեր դիվանագետները»,-ասել է նա:Կատարվածի նկատմամբ իր վերաբերմունքն է հայտնել նաեւ Հիլարի Քլինթոնը: Լրագրողների հետ հանդիպմանը նա տարակուսանք է հայտնել, թե «ինչպես դա կարող էր տեղի ունենալ մի երկրում, որին մենք օգնեցինք ազատագրվել, քաղաքում, որը մենք փրկեցինք ավերումից»: