Եվրախորհրդարանը ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործով բանաձեւ է պատրաստել: Ինչպես NEWS.am-ը տեղեկացավ Եվրախորհրդարանի իր աղբյուրից, 2012/2785(RSP) համարի բանաձեւի վերնագիրն է «Ադրբեջանի հարցով բանաձեւ. Ռամիլ Սավարովի գործ»: Այն այժմ գտնվում է համաձայնեցման վերջնական փուլում եւ քննարկման կդրվի սեպտեմբերի 13-ին:
Բանաձեւում Եվրախորհրդարանը հիշեցնում է, որ Սաֆարովը դատական նիստում խոստովանել է, որ հենց ինքն է կատարել սպանությունը եւ չի զղջում իր արարքի համար, քանի որ իր զոհը ազգությամբ հայ էր: Բացի նշվածից, բանաձեւում ընդգծվում է, որ Հունգարիայի իշխանությունները «չէին կարող չիմանալ, որ Սաֆարովը հերոսացվում է Ադրբեջանում, եւ նրա կատարած մարդասպանությունը կապվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության հետ»:
Եվրախորհրդարանն իր բանաձեւում «դատապարտում է Ադրբեջանի նախագահի՝ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու որոշումը, որը դատապարտված մարդասպան էր, եւ իր պատիժը կրում էր Եվրամիության անդամ երկրում»: Ընդգծում է, որ «այս որոշումը ժեստ է, որը կարող է ավելի սրել երկու երկրների միջեւ առկա լարվածությունը, եւ կարող է ավելացնել անարդարության զգացումը՝ մեծացնելով երկու երկրների միջեւ առկա անդունդը»: Բացի դրանից բանաձեւում հատուկ ընդգծվում է, որ Ադրբեջանը Սաֆարովի ներմումը կապում է «Ազատազրկվածների արտահանձնման կոնվենցիայի հետ, սակայն այն չի համապատասխանում միջազգային համաձայնագրի ոգուն, որը մշակվել է, որպեսզի ազատազրկվածները իրենց պատիժը կրեն մեկ այլ պետությունում»: Ալիեւի կողմից Սաֆարովին ներում շնորհելը Եվրախորհրդարանը դիտարկում է, «որպես Հունգարիայի տված դիվանագիտական երաշխիքների խախտում»:
Եվրապառլամենտը «քննադատում է Սաֆարովի հերոսացումը , որին արժանացել է Սաֆարովը Ադրբեջանում, նրա զինվորական աստիճանի բարձրացումը եւ նրա ազատազրկման տարիների համապատասխան աշխատավարձի վճարումը»: Եվրախորհրդարանը «մտահոգված է նաեւ, թե այս որոշումը ինչպիսի օրինակ է ծառայում ապագա սերունդների համար»:
Եվրախորհրդարանը բանաձեւում իր աջակցությունն է հայտնում տարածաշրջանում խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերին, եւ նշում, որ ԵՄ ու Ադրբեջանի միջեւ ասցիացիվ պայմանագրիը, որը դեռեւս մշակման փուոլում է, պետք է ներառի մարդու իրավունքի պաշտպանության եւ օրենքի գերակայության երաշխիքներ տվող կետեր:





























