«Հրապարակը» գրում է, որ Աբովյան փողոցից, ապա Մաշտոցի պուրակից հանված «բուտիկների» սեփականատերերի հարցը դեռեւս լուծված չէ:
«Մեր տեղեկություններով, նրանց հետ բանակցությունները շարունակվում են: Նրանց մի մասը պայմանագրեր ունեն, որոնց ժամկետը չի ավարտվել, նաեւ ծախսեր են արել, որոնք պետք է փոխհատուցվեն կամ համարժեք տարածքներ առաջարկվեն:
Ամենաշահեկանը Գագիկ Բեգլարյանի եղբոր՝ Յուրի Բեգլարյանի վիճակն է: Աբովյան փողոցում նրա զբաղեցրած տարածքի 40-50 մետրանոց հատված որպես սեփականություն է ձեւակերպված եղել, հենց այդ տարածքում էլ վերջինս այս ամռանը սրճարան էր տեղադրել: Իսկ մնացած վարձակալած տարածքի դիմաց Բեգլարյանին մոտ 3 հազար քմ տարածք է առաջարկվել Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին՝ «Օրանժ» առողջարարական համալիրի հարեւանությամբ:
Մեր տեղեկություններով, մյուս անձանց եւս տարածքներ են առաջարկվել Դալմայի այգիների եւ Լենինգրադյան փողոցից մինչեւ ավտոկայան կառուցվող նոր ճանապարհի երկայնքով, սակայն սեփականատերերից ոմանք չեն համաձայնում այդ առաջարկին, քանի որ այս տեղանքը համարժեք չեն համարում իրենց կորցրածին»:



























