Ռոտա քաղաքի իսպանական կայանից Լիբիայի ափեր են ուղեւորվել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի երկու նավեր, որոնց տախտակամածին գտնվում են 50 ծովայիններ: Նրանք կզբաղվեն Լիբիայում ամերիկյան դիվանագետների պաշտպանությամբ: Նավերը կտեղակայվեն Տրիպոլիում ԱՄՆ-ի  դեսպանատանը: 

Լիբիա է ուղեւորվել նաեւ ՀԴԲ-ի հետաքննող ջոկատ: Ըստ CBS հեռուստաալիքի ոչ պաշտոնական տվյալների`ԱՄՆ-ն մտադիր է ակտիվացնել Լիբիայում հետախուզական տեղեկությունների հավաքումը: 

Ինչպես նշվում է, USS Laboon-ը Լիբիայի ափերին տեղակայվել է սեպտեմբերի 12-ի երեկոյան, իսկ երկրորդը` USS McFaul-ը, ներկայումս գտնվում է ճանապարհին եւ կժամանի մի քանի օրվա ընթացքում: Դեռեւս նավերը ոչ մի որոշակի հրաման չեն ստացել, սակայն գտնվում են մարտական լիակատար պատրաստականության վիճակում` սպասելով ԱՄՆ-ի նախագահի հնարավոր հետագա հրահանգներին, հայտնում է  «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, որ Բենգազիում ամերիկյան հյուպատոսության վրա սեպտեմբերի 11-ին հարձակվել էր իսլամականների մի խումբ, որոնք զայրացած էին համացանցում «Իսլամի անմեղությունը» ֆիլմի հայտնվելով: Հարձակման հետեւանքով զոհվել է Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Քրիսթոֆեր Սթիվենսը: Սպանվել էին նաեւ 3 աշխատակիցներ:

Լիբիայի իշխանությունները ներողություն են խնդրել դեսպանի սպանության համար եւ հայտարարել են, որ այն կազմակերպված է եղել քադաֆիականների կողմից: