Ռուս լրագրող Արկադի Մամոնտովը բողոքել է, որ սպառնալիքների է ենթարկվել Pussy Riot-ի մասին ֆիլմի ցուցադրությունից հետո: Այդ մասին նա պատմել է «Ռուսսկայա սլուժբա նովոստեյ»-ի ուղիղ եթերում:

«Հաղորդման թողարկումից հետո ես ստացել եմ սպառնալիքներով մի քանի նամակ: Ո՞ւր է այդ խոսքի ազատությունը։ Եթե դեմ եք Մամոնտովին, այն բանին, ինչ նա պատմել է, խնդրեմ, դա ձեր իրավունքն է: Բայց ինչո՞ւ սպառնալ ֆիզիկական հաշվեհարդարով։ Նման բան չի կարելի անել», - ասել է նա:

Մամոնտովը զգուշացրել է, որ եթե իր հասցեին սպառնալիքները շարունակվեն, նա ստիպված կլինի իրավապահ մարմիններում հայտարաություն գրել: Նա ավելացրել է, որ Pussy Riot-ի անդամների հանդեպ չեզոք վերաբերմունք ունի, սակայն նրանց խուլիգանությունը Քրիստոս Փրկչի տաճարում դատապարտում է, գրում է  «utro.ru»-ն:

Հիշեցնենք, որ Արկադի Մամոնտովի ֆիլմը Pussy Riot-ի մասին  ցուցադրվել էր սեպտեմբերի 11-ին  «Ռոսիա-1» հեռուստաալիքով: Այնտեղ լրագրողը Բորիս Բերեզովսկուն անվանում է փանք աղոթքի  պատվիրատու: Ըստ Մամոնտովի` նրա հետաքննությունն ուղղված է նրանց,  «ով սթափ է դատում եւ չի ենթարկվում զանգվածային զոմբիացման», իսկ լիբերալների համար այն հարված կլինի: