Կահիրեում շարունակվում են սեպտեմբերի 11-ին սկսված անկարգությունները ԱՄՆ-ի դեսպանատան մոտ՝ ԱՄՆ-ում նկարահանված ֆիլմի պատճառով: Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել եւ օդում նախազգուշական կրակոցներ արձակել: Բախումներից տուժել են 6 իրավապահներ, հայտնել է ՆԳՆ-ի ներկայացուցիչ Ալլա Մահմուդը:
Ականատես լրագրողները հայտնել են, որ բանակի եւ ոստիկանության հետ բախումների ժամանակ տուժել են տասնյակ մարդիկ:
Սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի դեսպանատան մերձակայքը դարձել է անկարգությունների հրապարակ: Պատերին մագլցած տասնյակ մարդիկ պոկել եւ կտոր-կտոր են արել ԱՄՆ-ի դրոշը` դրա փոխարեն տեղադրելով սեւ պաստառ` «Չկա Աստված, բացի Ալլահից եւ նրա մարգարե Մուհամեդից» գրությամբ: Բողոքողները նաեւ բետոնե պատնեշների վրա վիրավորական արտահայտություններ են գրել Ամերիկայի հասցեին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ լիբիական Բենգազիում նմանատիպ ելույթները ողբերգությամբ են ավարտվել: Իսլամականների մի խումբ կրակել է ամերիկյան դիվանագիտական առաքելության վրա: Զոհվել է Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Քրիսթոֆեր Սթիվենսը եւ եւս երեք մարդ:
Այդ անկարգությունների պատճառ դարձած փոքր բյուջեով 5 միլիոն դոլարանոց Innocence of Muslims ֆիլմը, որը նկարահանվել է անհայտ դերասանների մասնակցությամբ, ստեղծվել է ԱՄՆ-ի հրեական համայնքի տրամադրած փողերով: Նրա հեղինակը հրեական ծագման 52-ամյա ամերիկացի Սեմ Բասիլն է: Նա բացահայտ հայտարարում է, որ «իսլամը քաղցկեղային ուռուցք է», եւ որ իր ֆիլմը նկարահանվել է որպես «սադրիչ քաղաքական ուղերձ կրոնի դատապարտմամբ»: Ֆիլմի պրոդյուսերներից մեկը Ֆլորիդայի հայտնի հոգեւոր հովիվ Թերի Ջոնսն է, որը աշխարհում «հայտնի է» Ղուրանն այրելու ակցիաներով:





























