Լիբիայում ամերիկյան դեսպանի սպանությունը ԱՄՆ-ում քաղաքական մի շարք կոշտ ելույթների առիթ է դարձել: Նախագահը խոստացել է գտնել մարդասպաններին, իսկ ընդդիմադիրները նրան մեղադրել են ավելորդ մեղմության մեջ:
ԱՄՆ-ի հյուպատոսարանի վրա հարձակման եւ դեսպանի սպանության լուրն ստացվել էր սեպտեմբերի 12-ի առավոտյան: 20 րոպե անց ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման գրավոր հայտարարությամբ հաստատել էր Սթիվենսի մահը: Նախագահից հետո ելույթ էր ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Երկու պաշտոնյաներն էլ դատապարտել էին Եգիպտոսում եւ Լիբիայում կատարված հարձակումները` դրանք անվանելով դաժան եւ անընդունելի:
Կահիրեում ԱՄՆ-ի դեսպանատունը, սակայն, գերագույն ղեկավարությունից առաջ ընկնելով, երկու երկրներում հանգստությունը պահպանելու կոչ էր արել եւ դատապարտել «մահմեդականնռրի կրոնական զգացմունքները վիրավորելու շարունակական փորձերը»: Ավելի ուշ Սպիտակ տունը հայտարարել էր, որ այդ հաղորդագրությունը Պետդեպի հետ համաձայնեցված չի եղել:
Հենց այդ հայտարարությունն է հանրապետականների համար դարձել «կարմիր գիծ», որոնք իսկույն սկսել են քննադատել Օբամայի վարչակազմին: Նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին Օբամային մեղադրել է թուլության եւ երկրի դեսպանության վրա հարձակվողներին կարեկցելու մեջ:
«Ես կարծում եմ, որ աշխատակազմը սխալ է վարվել հանդես հալով այնպիսի հայտարարությամբ, որը փաստորեն դատապարտելու փոխարեն ցավակցություն է հայտնում նրանց, ովքեր ներխուժել են Եգիպտոսում մեր դեսպանատուն», - հայտարարել է Ռոմնին:
Օբամայի նախընտրական շտաբն էլ Ռոմնիին մեղադրել է, որ վերջինս օգտագործում է ողբերգությունը նախընտրական պայքարի շրջանակում: «Մենք ցնցված ենք, որ երբ ԱՄՆ-ն վշտացած է Լիբիայում մեր առաջատար դիվանագետներից մեկի մահվան կապակցությամբ, նահանգապետ Ռոմնին որոշել է քաղաքական հարձակում սկսել», - ասված է Օբամայի գրասենյակի ներկայացուցիչ Բեն Լաբոլթի հայտարարության մեջ:
Արտահայտվել է նաեւ Ալյասկայի նախկին նահանգապետ, 2008 թվականին փոխնախագահի թեկնածու Սարա Փեյլինը: Նա Օբամային խորհուրդ է տվել դադարեցնել ահաբեկիչների նկատմամբ մեղմ վերաբերմունք դրսեւորելը եւ զինվել «մեծ գավազանով»: «Մենք արդեն գիտենք, որ նախագահ Օբաման նախընտրում է մեղմ խոսել թշնամիների հետ: Եթե նա չունի մեծ գավազան, ապա այժմ ժամանակն է այն ձեռք բերելու», - գրել է Փեյլինը Facebook-ի իր էջում:
Քաղաքական հակառակորդներին Օբաման պատասխանել է CBS հեռուստաալիքի եթերում: Նա հայտարարել է, որ իր աշխատակազմն անհարկի մեղմություն չի ցուցաբերում, այլ հայտարարություններին մոտենում է գիտակցաբար:
«Կարելի է այսպիսի եզրակացություն անել. Ռոմնին հակված է, որ սկզբում կրակի, հետո նշան բռնի: Սակայն իմ նախագահության ընթացքում սերտած դասերիցս մեկն այն է, որ այդպես չի կարելի, որ հայտարարությունները պետք է հիմնավորված լինեն փաստերով, եւ որ դրանք անելուց առաջ պետք է գիտակցել հետեւանքները», - ասել է Օբաման:
Հիշեցնենք, որ ամերիկյան դեսպանն սպանվել էր սեպտեմբերի 11-ին Բենգազիում հյուպատոսության վրա հարձակման հետեւանքով: Անկարգությունների պատճառը Մուհամեդ մարգարեի մասին ԱՄՆ-ում նկարահանված ֆիլմն էր:





























