Եգիպտոսում եւ Լիբիայում ԱՄՆ-ի հյուպատոսարանների վրա տեղի ունեցած հարձակումներից ելնելով` Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է ամերիկյան քաղաքացիներին ահաբեկչական եւ բռնության գործողությունների վտանգի մասին: Այս մասին ասվում է դեսպանատան պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Դեսպանատան հաղորդագրության մեջ ամերիկյան քաղաքացիներին կոչ է արվում զգոն լինել, անվտանգության միջոցներ ձեռնարկել եւ հետեւել զարգացումներին:
«Հայաստանում բնակվող, կամ ճանապարհորդող ԱՄՆ-ի քաղաքացիներ, կոչ ենք անում պահպանել զգոնություն եւ պատկերացում կազմել ստեղծված իրավիճակի շուրջ, հետեւել լուրերին եւ համապատասխան քայլեր ձեռնարկել սեփական անվտանգության պահպանման համար»,-ասվում է հայտարարության մեջ:
Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատունը հստակ տեղեկություններ չունի այն մասին, որ այդ դեպքերը կազդեն Երեւանում անվտանգության վրա, սակայն, ԱՄՆ-ի բոլոր քաղաքացիները պետք է զգոն լինեն հատկապես սեփական անվտանգությանը վերաբերող հարցերում եւ ցանկացած միջադեպի դեպքում դիմեն տեղական իշխանություններին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եգիպտոսում եւ Լիբիայում տեղ գտած վերջին հարձակումներից ելնելով` օտարերկրյա պետություններում, այդ թվում Հայաստանում, գտնվող բոլոր ամերիկյան քաղաքացիները նախազգուշացվում են, որ հանդես բերեն զգոնություն եւ հետեւեն իրավիճակի զարգացումներին: Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը չունի որեւէ տեղեկություն, որը մատնանշի, որ այդ դեպքերը կարող են բացասաբար անդրադառնալ անվտանգության հետ կապված իրավիճակի վրա Հայաստանում: Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն աշխատում է բնականոն հունով:





























