Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ազատման վերաբերյալ հայկական կողմը որոշակի քայլեր չի ձեռնարկել, եւ դա անհանգստացնում է: Այդ մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը սեպտեմբերի 13-ի մամուլի ասուլիսում:
Ըստ նրա` ծայրաստիճան սխալ է հույսը բացառապես դնել այլ երկրների եւ միջազգային կազմակերպությունների հայտարարությունների վրա` ինքնուրույն ոչինչ չանելով: «Հստակ քայլեր են պետք Սաֆարովին բանտ վերադարձնելու համար: Բացի դրանից, անհրաժեշտ է Սաֆարովի նկատմամբ քրեական գործի վերաքննությունը», - ասել է Սաֆարյանը: նրա կարծիքով` ըստ էության, Բուդապեշտում քրեական գործը լիովին չի էլ քննվել: «Քննվել է սպանության փաստը, սակայն այդ հանցագործության կազմակերպմանն ադրբեջանական կողմի մասնակցության վերաբերյալ գնահատական չի տրվել», - ընդգծել է Ստեփան Սաֆարյանը:
Ինչպես նշել է նախկին պատգամավորը, Սաֆարովի արտահանձնման ժամանակ խախտվել էր Եվրոպական կոնվենցիան, քանի որ գործը չի ավարտվում հանցագործի հանձնմամբ, նրան նաեւ ազատել են: «Բոլոր հիմքերը կանՍաֆարովին բանտ վերադարձնելը պահանջելու համար: Դա կարելի է անել Հայկ Մուկուչյանի հայցի օգնությամբ», - ընդգծել է Սաֆարյանը:
2004 թվականի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Հանուն խաղաղության համագործակցության» շրջանակներում անգլերենի դասընթացբեր էին անցկացվում, որոնց մասնակցում էին հայ եւ ադրբեջանցի սպաներ, այդ թվում նաեւ ապագա զոհ Գուրգեն Մարգարյանը եւ մարդասպան Ռամիլ Սաֆարովը: Փետրվարի 19-ի գիշերը Սաֆարովը ներխուժել էր հայ սպաների սենյակը եւ կացնահարել քնած Գուրգեն Մարգարյանին: Դրանից հետո Սաֆարովը փորձել էր սպանել երկրորդ հայ սպային` Հայկ Մուկուչյանին: Բարեբախտաբար, փորձն անհաջողության էր մատնվել:
2006 թվականի ապրիլի 13-ին Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի: Սաֆարովը դատարանում փոխել էր ցուցմունքները, հրաժարվել էր նախապես ասված խոսքերից` դա պատճառաբանելով նրանով, որ լավ չի տիրապետում ռուսերենին եւ անգլերենին:
Հունգարիայի կառավարությունը ս/թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին, կոչումը բարձրացրել եւ նվերներ տվել` բնակարան եւ 8 տարվա աշխատավարձ: Նույն օրը Երեւանը կասեցրել էր Բուդապեշտի հետ դիվանագիտական հարաբերությունները:





























