«Ժառանգություն» կուսակցությունում առայժմ չեն քննարկել այն հարցը, թե պատգամավորական մանդատից հրաժարված առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն ով կգնա խորհրդարան: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում են այն լուրերը, որ Հովհաննսիյանին խորհրդարանում կփոխարինի Սաֆարյանը, նախկին պատգամավորը հայտարարել է, որ «չեն համապատասխանում այնքանով, որքանով այդ հարցը դեռեւս չի քննարկվել»: Ըստ նրա` տվյալ պահին  պատգամավորի աթոռին կարող է հավակնել համամասնական ցուցակով Հովհաննիսյանին հաջորդողը:

Պատասխանելով այն հարցին, թե, այնուամենայնիվ, ինչու է Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել պատգամավորի մանդատից, եւ թե արդյոք պատգամավորի կարգավիճակը կխանգարեր նախագահական ընտրություններին մասնակցելուն, Սաֆարյանը նշել է. «Մենք չէինք էլ ասում, որ կխանգարեր»: Սակայն, բացատրել է նախկին պատգամավորը,  նախագահական ընտրությունների նախապատրաստման  ժամանակահատվածում, ըստ Հովհաննիսյանի, մանդատը նրան ոչ մի բան չէր տա, եւ ճիշտ էր արդեն հիմա դրանից հրաժարվելը` այն փոխանցելով համամասնական ցուցակի այլ ներկայացուցչի:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները Հայաստանում կկայանան 2013թ. փետրվարին:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի