Լիբիայից, Եգիպտոսից, Թունիսից հետո «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի դեմ ուղղված բողոքի ակցիաները հասել են արդեն Յեմենի մայրաքաղաք` Սանա: Sky News-ի տվյալներով, ԱՄՆ-ի դեսպանատան դեմ բողոքող ցուցարարների թիվը հասել է 4 հազարի:

Ականատեսները լրագրողներին պատմել են, որ պահակախումբը փորձել է կանգնեցնել ամբոխին` օդ կրակելով: Այլ տեղեկությունների համաձայն, ոստիկանների եւ ցուցարարների բախման արդյունքում մարդիկ են զոհվել:

Ականատեսների խոսքով, ցուցարարները նախ ջարդել են դեսպանատան տարածքում գտնվող անվտանգության բաժնի լուսամուտները:  Այնուհետեւ նրանց հաջողվել է ներխուժել դեսպանատան տարածք:

Հիշեցնենք, որ արաբական երկրներում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության վրա առաջին հարձակումը տեղի է ունեցել սեպտմեբրի 11-ին, որի արդյունքում լիբիական Բենգազի քաղաքի ԱՄՆ-ի դեսպանատան հրթիռակոծման ժամանակ զոհվել է ԱՄՆ-ի դեսպանը: Նույն ֆիլմից դժգոհները գրոհել են նաեւ Կահիրեյում եւ Թունիսում  ԱՄՆ-ի դեսպանատները: