Ղարաբաղյան հիմնախնդրի ռազմական լուծում չկա եւ չի կարող լինել: Այդ մասին ադրբեջանական 1news.az կայքի հետ հարցազրույցում ասել է Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկյան նախկին համանախագահ Մեթյու Բրայզան:
«Որքան գիտեմ, եւ Ադրբեջանը,եւ Հայաստանը հակված չեն այդ խնդի ռազմական լուծմանը, քանի որ նրանք էլ են կողմ խնդրի խաղաղ լուծմանը: Պարզապես ես վստահ եմ, որ համանախագահները պետք է առավելագույն ջանքեր գործադրեն կողմերի դիրքորոշումների սերտացման համար», - ասել է Բրայզան:
Ըստ նրա` խնդրի դիվանագիտական լուծումը ոչ միայն հնարավոր է, այլեւ սեղանին է դրված: «Համանախագահների եւ նախագահների միջեւ ձեռք բերված համաձայնություններն իրատեսական տարբերակ են: Ես վստահ եմ, որ, անկախ ամեն ինչից, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցային գործընթացը պետք է շարունակվի», - ընդգծել է նա:





























