Լիբիական Բենգազիում իսլամականների հարձակումը ԱՄՆ-ի հյուպատոսության վրա հանգամանորեն ծրագրված է եղել, կարծում են ԱՄՆ-ի վարչակազմի եւ կոնգրեսի ներկայացուցիչները: Սակայն դեսպան Քրիսթոֆեր Սթիվենսը պատահական է սպանվել: 52-ամյա Սթիվենսը Բենգազի էր եկել կարճատեւ այցով: Հենց այդ պահին էին կատաղած գրոհայինները հարձակվել շենքի վրա:
ԱՄՆ-ի Սենատի միջազգային հանձնաժողովի ղեկավար Ջոն Քերրին լրագրողներին պատմել է, որ դեսպանը եւ դիվանագետները հրաձգության ժամանակ չեն սպանվել, այլ շենքում մի քանի ժամ մնալուց հետո` այրված գազերի թունավորումից:
Ավելի ուշ ամերիկյան հատուկ ծառայություների եւ պետդեպարտամենտի ներկայացուցիչները լրագրողներին ասել են, որ հյուպատոսության վրա հարձակումը նախապես ծրագրված էր, իսկ ցույցը քողարկման համար է եղել: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Ալ Կաիդայի» հետ կապված հանցախմբերից մեկը:
«Կոմերսանտը» գրում է, որ դեսպան Սթիվենսը Վաշինգթոնում արաբական աշխարհի գլխավոր մասնագետներից էր: Հենց նա էր Մուամար Քադաֆիի դեմ ելած լիբիական ընդդիմության աջակցության կազմակերպիչներից մեկը: Նա հենց Բենգազիում էլ ընկավ այն «հեղափոխականների» ձեռքից, որոնց օգնել էր զավթել իշխանությունը:
Իր հակաամերիկյան հայացքներով հայտնի Մուամար Քադաֆիի տապալումից հետո Լիբիայում ԱՄՆ-ի նկատմամբ վերաբերմունքը ոչ միայն չի լավացել, այլեւ ավելի է վատացել: Ջամահիրիայի ժամանակներում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության վրա ոչ ոք չէր հարձակվում եւ չէր սպանում նրա աշխատակիցներին:





























