էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) աջակցությամբ կազմակերպում են արտաճանապարհային մեքենաների վարման Jeep-Profi անվանակարգում միջազգային բաց առաջնություն:
Quadra Drive անվանմամբ առաջնությունը կանցկացվի 2012 թ-ի սեպտեմբերի 15-ից 16-ը Տավուշի մարզում: Երկօրյա մրցումը կմեկնարկի Դիլիջան քաղաքում, իսկ ավարտը կհայտարարվի Իջեւանում: Առաջնության մասնակիցներին կբաժանվի տոպոգրաֆիկ քարտեզներ մայրուղու նկարագրությամբ եւ երթուղու հստակ նշված կետերով: Յուրաքանչյուր հստակ նշված կետն անցնելիս մասնակիցը կստանա որոշակի միավորների քանակ: Հաղթող կճանաչվի այն թիմը, որն ավելի կարճ ժամանակահատվածում կհավաքի առավել թվով միավորներ:
Բաց առաջնությանը կարող են մասնակցել Jeep-Profi դասին համապատասխանող բոլոր լիաքարշակ արտաճանապարհային մեքենաները: Առաջին անգամ Հայաստանում նման մրցույթի մասնակցելու համար հրավիրվում են քառացիկլետ վարողներ: Մրցակիցների գրանցումը կատարվում է էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի 010 228085 հեռախոսահամարով:
«Ես շնորհավորում եմ Էքստրեմալ մարզաձեւերի բոլոր սիրահարներին աշնանային շրջանի բացման կապակցությամբ: «Ադրենալին» ասոցիացիայի հետ համատեղ մենք սկսում ենք այս շրջանը նոր սպորտային կարգերով եւ Jeep-Profi նոր ավտոմեքենաների մրցման անվանակարգով: Այս մրցույթում վարորդի հաջողությունը կախված է ոչ միայն մեքենայի տեխնիկական վիճակից եւ այն վարելու արհեստավարժությունից, ինչպես նաեւ տեղանքի իմացությունից եւ տոպոգրաֆիկ քարտեզից օգտվելու հմտությունից: Աջակցելով զանազան կարգի առաջնություններ` մենք նպատակ ունենք բարձրացնելու սպորտի ժողովրդականությունը երիտասարդների շրջանում` դարձնելով հետագա մրցումները էլ ավելի պայծառ, գունեղ եւ հետաքրքիր», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանն իր հերթին հրավիրեց ավտոսիրահարներին մասնակցել Տավուշի մարզում Հայաստանի Էքստրեմալ սպորտի համար նոր անվանակարգում կայանալիք առաջնությանը եւ ցուցադրել մեքենա վարելու եւ քարտեզներին տիրապետելու իրենց վարպետությունը:
Միջոցառմանը մասնակցելու համար հրավիրված են վարորդներ Վրաստանից, Ռուսաստանից եւ Իրանից: Մրցույթին աջակցում են նաեւ Vitesse եւ NakOil ընկերությունները:




























