Հունգարիան պետք է շատ բան անի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատման դիմաց փոխհատուցելու համար: Այդ մասին «Cyprus Mail» թերթի հետ հարցազրույցում հայտնել է Հունաստանում եւ Կիպրոսում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը:
Ամբողջ աշխարհում հայ համայնքը բողոքի ակցիաներ է անցկացնում մարդասպան Սաֆարովի ազատման դեմ, որը 2004 թվականին կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին եւ ցմահ ազատազրկման դատապարտվել Հունգարիայում, սակայն օգոստոսի 31-ին արտահանձնվել էր Ադրբեջան, որտեղ ներման էր արժանացել: Ադրբեջանում Սաֆարովին ընդունվել էին որպես հերոսի, մայորի կոչում տվել, ինչպես նաեւ բնակարան եւ 8 տարվա աշխատավարձ:
«Հունգարիան պետք է ներողություն խնդրի միջազգային հանրությունից ու Հայաստանից եւ Ադրբեջանից ստացած ապտակին հավասարազոր քայլեր ձեռնարկի: Հակառակ դեպքում մենք նախկինի պես դա կդիտարկենք իբրեւ ոչ բարեկամական ժեստ Հայաստանի նկատմամբ», - ասել է Ղալաչյանը:
Reuters-ը ավելի վաղ հայտնել էր, որ քննարկումներ են եղել նավթով հարուստ Ադրբեջանի կողմից Հունգարիային 2 միլիարդ եվրո վարկի հատկացման վերաբերյալ:
Դեսպանը նշել է, որ միջազգային հանրությունը, կազմակերպությունները արձագանքել են միջադեպին եւ աջակցություն հայտնել Հայաստանի Հանրապետությանը, սակայն դա գործընթացի ընդամենը սկիզբն է:
Ըստ Ղալաչյանի` Հայաստանը մտադիր է այդ հարցը բարձրացնել իրավասու համապատասխան կառույցներում:



























