Գյումրիում ավագանու թեկնածուներից  7-ը դիմում-բողոք են ներկայացրել թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով վերահաշվարկ կատարելու պահանջով: Գյումրիում  քաղաքի ավագանի ընտրված  21 անդամների նախնական պատկերը դեռեւս ընթացող վերահաշվարկի արդյունքներով փոփոխվում է, քանի որ պարտված թեկնածուներից 2-ը վերահաշվարկի արդյունքում հաղթող են ճանաչվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թիվ 34 ԿԸՀ նախագահ Էդուարդ Բաղրամյանը:

Նրա խոսքով, իրենց ուսումնասիրություններից եւ վերլուծությունից հետո 24 ընտրատեղամասեր ենթակա են  եղել ուսումնասիրման: Սակայն այս պահին դեռեւս 9-րդ պարկ են բացել վերահաշվարկի նպատակով: Իսկ ձայների թվով տարբերություն միայն 28 եւ 61 տեղամասերում են առայժմ արձանագրվել: Խոսքը անկուսակցական եւ ինքնառաջադրված թեկնածու Վարդան Եդիգարյանի բողոքի մասին է: Նա բողոք է ներկայացրել այն մասին, որ թիվ 28 տեղամասում ունի շուրջ 106 ձայն իր օգտին քվեարկած, սակայն արձանագրությունում, այլ թիվ է ներկայացված: «Փաստորեն վերահաշվարկի արդյունքում պարզվեց , որ նրա բողոքը հիմնավոր էր եւ արձանագրված նրա 21 ձայներին գումարվել է 106-ը եւ  նա դարձել է անցնող թեկնածու: Իսկ կրկին ինքնառաջադրված, անկուսակցական Մերուժան Գաբոյանը  բողոք էր ներկայացրել, որ 20/61-րդ տեղամասում արձանագրությամբ իրեն տրվել է 15 ձայն, ինչը չի համապատասխանում իրական պատկերին: Վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ նա  33 ձայն է ստացել: Նա եւս արդեն անցած թեկնածու է դարձել»,- մանրամասնեց Էդուարդ Բաղրամյանը եւ ավելացրեց, որ մնացած 6 տեղամասերում ոչ մի տեսակի փոփոխություն չի եղել: Վերահաշվարկը շարունակվելու մինչեւ սեպտեմբերի 14-ը ժամը 14.00-ն: