Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան տարածած ամերիկյան քաղաքացիների անվտանգությանը վերաբերող զգուշացումը Հայաստանի դեմ չի ուղղված: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանում իրավապահ մարմինների բարձրաստիճան աղբյուրը, ով ցանկացել է անանուն մնալ:

«Ողջ այս աղմուկը կապ չունի Հայաստանի հետ, այլ հանդիսանում է ԱՄՆ-ի ներքին քաղաքականության  արտացոլանքը: 2001 թ-ի սեպտեմբերի 11-ի հայտնի դեպքերից հետո սա օրինաչափ գործողություն է»,-նշել է աղբյուրը, ավելացնելով, որ նման կանոնակարգ ունեն աշխարհի բոլոր երկրների ամերիկյան դեսպանատները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 13-ին  Հայաստանում ԱՄն դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով  ամերիկյան քաղաքացիներին կոչ է արվում զգոն լինել,  անվտանգության միջոցներ ձեռնարկել եւ  հետեւել զարգացումներին:

«Հայաստանում բնակվող, կամ ճանապարհորդող ԱՄՆ-ի քաղաքացիներ, կոչ ենք անում պահպանել զգոնություն եւ պատկերացում կազմել ստեղծված իրավիճակի շուրջ, հետեւել լուրերին եւ համապատասխան քայլեր ձեռնարկել սեփական անվտանգության պահպանման համար»,-ասվում է հայտարարության մեջ:

Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատունը հստակ տեղեկություններ չունի այն մասին, որ այդ դեպքերը կազդեն Երեւանում անվտանգության վրա, սակայն, ԱՄՆ-ի բոլոր քաղաքացիները պետք է զգոն լինեն  հատկապես սեփական անվտանգությանը վերաբերող հարցերում եւ ցանկացած միջադեպի դեպքում դիմեն տեղական իշխանություններին: