NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է Հարավային Իլինոյսի համալսարանի դասախոս Ռոբերտ Բրյուս Ուերի հոդվածը, որը հրապարակվել է «Antiwar.com» կայքում:
Այս ամսվա վերջին Ռուսաստանում եւ Հյուսիսկովկասյան տարածաշրջանում «Կովկաս- 2012» ռազմավարական զորավարժանքները կարող են Արեւմուտքի համար տնտեսական խնդիրներ կանխատեսել: Պատճառն այն է, որ զորավարժանքները ռազմավարական առումով կապված են Ռուսաստանի այն սպասումների հետ, որ ընթացիկ տարվա վերջին Իրանը ապակայունացված կլինի: Եթե Իրանն ապակայունացվի, Ռուսաստանը կկատարի Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ-ի շրջանակում ունեցած իր պարտավորությունները: Ռուսաստանը կարող է փակել Վրաստանի կենտրոնով անցնող ռազմական միջանցքը` վերահսկողության տակ վերցնելով Կասպից ծովի` դեպի արեւմուտք ձգվող հարուստ հանքավայրերի նավթային եւ գազային բոլոր խողովակաշարերը: Եթե դա զուգակցվի Պարսից ծոցում ռազմական գործողությունների հետ, էներգակիրների գները կարող են աճել:
Ռուս պաշտոնյաները պնդում են, որ «Կովկաս - 2012»-ը սովորական զորավարժություններ են, որոնք կապված չեն այլ երկրներում իրադարձությունների հետ: Ըստ նրանց` զորավարժությունները տեղի են ունենում բացառապես Ռուսաստանի տարածքում եւ իրենք միտումնավոր են բացառել Հարավային Օսիայի, Աբխազիայի եւ Հայաստանի ռուսական ռազմակայանների ստորաբաժանումների մասնակցությունը: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի հետ: Հայաստանում ՀԱՊԿ-ն իր զորավարժությունները կանցկացնի «Փոխգործակցություն - 2012» անվան տակ:
Ըստ գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովի`«Փոխգործակցություն - 2012»-ն առանձնացված է «Կովկաս - 2012»-ից` չնայած որ դրանք իրականացվում են մեկ շաբաթ տարբերությամբ: Կարմիր խաչի ներկայացուցիչներն առաջին անգամ պիտի մասնակցեն ՀԱՊԿ զորավարժություններին` «Փոխգործակցություն - 2012»-ի շրջանակում: Ըստ Պոստնիկովի` նրանց դերը կապված է «հումանիտար օգնություն ցուցաբերելու հետ` այն շրջաններում, որտեղ խնդրահարույց իրավիճակ ստեղծվի»:
Ռուսական պաշտոնյաներն սպասում են, որ Իրանի միջուկային ծրագիրը Իսրայելի եւ ԱՄՆ-ի կողմից հարձակման կենթարկվի 2012 թվականի վերջին: Իսրայելական կամ ամերիկյան շարունակական հարձակումները կհանգեցնեն Հայաստանի սահմաններից հարավ ընկած տարածքի անկայուն վիճակի: Հայաստանը կարող է ենթարկվել փախստականների հոսքի:
Ռուսական զինվորական պաշտոնյաները կասկածում են , որ Իսրայելի արագ հարվածը կարող է վերացնել Իրանի միջուկային օբյեկտները:
Իրանի հարձակմանը կհաջորդեն սադրանքներ այն տարածքներում, որոնք վիճահարույց են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: 1990-ականների սկզբից երկու երկրները ներքաշված են սառեցված հակամարտության մեջ: Ադրբեջանի կառավարությունը հաճախ է աջակցում Իսրայելին եւ ԱՄՆ-ին, վախենում է Մոսկվայից եւ տարածքներ է տենչում հյուսիսային Իրանում:
Իրանում կամ Ադրբեջանում պատերազմական գործողությունների դեպքում ադրբեջանցի փախստականները հավանաբար հյուսիս կշարժվեն` Ռուսաստան: Մարտին Ռուսաստանը 20 հազար զինվորական էր տեղափոխել Ադրբեջանի սահմաններից 100 մղոն հեռավորության վրա:
Իրանում անկայունության դեպքում Հայաստանին ռուսական աջակցությունը կպատճառաբանվի զուտ ՀԱՊԿ-ի պարտականություններով: Դա Ռուսաստանին Բաքու-Ջեյհան միջանցքի վերահսկողության իրավունք կտա, որով Կասպիական շրջանից նավթն ու գազը ուղղվում են թուրքական Ջեյհան նավահանգիստ: Քանի որ Ռուսաստանը վերահսկում է Բաքու- Նովոռոսիյսկ խողովակաշարը` Արեւմուտքի համար միակ այլ էներգետիկ միջանցքը, ապա Ռուսաստանի կողմից կասպիական համարյա բոլոր էներգապաշարների վերահսկողությունը Պարսից ծոցում կարող է հանգեցնել էներգիայի գների աճի եւ Արեւմուտքում տնտեսական ապակայունցման:




























