Սիրիայի իշխանությունները հայտնել են Հալեպ քաղաքում գրոհայինների դեմ նոր հաջող գործողությունների մասին:

Ինչպես հաղորդում է սիրիական տեղեկատվական  «ՍԱՆԱ» գործակալությունը, Ալ Միդան թաղամասի ոստիկանական բաժանմունքի տարածքը, որտեղ նախօրեին բախումներ էին տեղի ունեցել, վերջնականապես մաքրված է ահաբեկիչներից: Տեղի բնակիչները ողջունել են Սիրիական բանակի զինվորականներին: Հրեյթանի, Բուսթան Ալ Բաշա եւ Սուլեյման Ալ Հալյաբի թաղամասերում ոչնչացվել են գրոհայինների թաքստոցները եւ այնտեղ գտնվող ահաբեկիչները:

Հատուկ գործողություններ են  կատարվել  Քադի Ասքար, Աշ Շահար եւ Աս Սահուր թաղամասերում, ինչպես նաեւ «Ալ Ահսան» հիվանդանոցի շրջակայքում: Երկու  վտանգավոր ահաբեկիչներ ոչնչացվել էին Ալ Աթարեբ թաղամասում: 

Հալեպ նահանգի Ահթարին եւ Թել Ժբին բնակավայրերում, Մարե ավանում եւ Մեմբիջ քաղաքում ոչնչացվել էին մի քանի մեքենաներ եւ հանցախմբերի բազմաթիվ անդամներ: Հաղորդվում է նաեւ Հոմս քաղաքի Ջուրա Աշ Շեյախ եւ Սուք Աժ Ժաժ թաղամասերում հանցախմբերի ոչնչացման մասին: Իդլեբ նահանգի Սարաքեբ քաղաքում բանակային ստորաբաժանումները կանխել են  տեղական ռադիոկայանի զավթումը գորհայինների կողմից: Ոչնչացվել են բազմաթիվ գրոհայիններ: